• Դեյվիդ Ռեմնիք – Ալի. Աշխարհի արքան

    Մուհամեդ Ալին, որը դեռ հայտնի էր որպես Կասիուս Քլեյ, 1964-ի փետրվարի 25-ին ռինգ մտավ Սոնի Լիստոնի հետ: Ալիին համարում էին նյարդայնացնող ու տարօրինակ մարզիկ, որը մենամարտում էր պարելով ու չափազանց շատ էր խոսում: Վեց ռաունդից հետո Ալին ոչ միայն ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն էր, այլև «նոր տեսակի սևամորթ», որը կարճ ժամանակ անց վերափոխելու էր Ամերիկայի ռասայական քաղաքականությունը, զանգվածային մշակույթը և հերոս լինելու մասին պատկերացումները:

  • Յուվալ Նոյ Հարարի – Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն

    Անցյալ դարի ընթացքում մարդկությունն արել է անհնարինը՝ զսպելով սովը, ժանտախտը և պատերազմը: Սա կարծես դժվար է ընդունել, բայց Հարարին միայն իրեն հատուկ ոճով բացատրում է, որ սովը, ժանտախտը և պատերազմը բնության անհասկանալի և անվերահսկելի ուժերից վերածվել են կառավարելի մարտահրավերների:

  • Դեյվիդ Ալեն – Ինչպես հասցնել բոլոր գործերը

    «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքն առաջին անգամ գրեթե 20 տարի առաջ լույս տեսնելուց հետո դարձել է դարի ամենաազդեցիկ բիզնես գրքերից մեկը: Այստեղ հեղինակը խոսում է անձնապես կազմակերպված լինելու կարևորության մասին։ Այն սեղմ, բայց արդյունավետ մոտեցում է առաջարկում մասնագիտական ու անձնական բնույթի առաջադրանքների կատարման համար: Նոր տեսակի կայքերի, սեմինարների, կազմակերպական գործիքների ստեղծման ոգեշնչման աղբյուր է։ Ալենը գիրքը վերաշարադրել է սկզբից մինչև վերջ՝ բնագիրը համալրելով «աշխատավայրի» մասին նոր ու կարևոր պատկերացումներով: Նա ավելացրել է այնպիսի բովանդակություն, որի շնորհիվ գիրքը երկար տարիներ արդիական կմնա։ «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքի այս նոր հրատարակությունը կհավանեն ոչ միայն հեղինակի հարյուր հազարավոր երկրպագուները, այլև ընթերցողների նոր սերունդը, որը ցանկանում է որդեգրել Ալենի սահմանած սկզբունքները

  • Տիգրան Պետրոսյան – Գահերի խաղը

    Այս գրքի վրա Տիգրան Պետրոսյանը սկսել է աշխատել 1980-ականների սկզբին, բայց այդպես էլ չի ավարտել այն։ Նրա մահից հետո ամփոփ տեսքի է բերել շախմատիստի այրին՝ Ռոնա Պետրոսյանը։
    Գիրքը կազմելիս օգտագործվել են Պետրոսյանի դասախոսությունները, որոնք նվիրված են շախմատային ռազմավարական նրբություններին, ռեպորտաժներ, հեռուստատեսային և ռադիոձայնագրություններ, շաբաթաթերթերում հրատարակված հոդվածներ: Նրա կնոջ՝ Ռոնա Պետրոսյանի ջանքով հաջողվել է գտնել Պետրոսյանի դասախոսությունների ձայնագրությունները, որոնք համարվում են անվանի շախմատիստի ուսուցողական լավագույն նյութերը:

  • Յուվալ Նոյ Հարարի – Sapiens. Մարդկության համառոտ պատմություն

    Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:

  • Մարկ Մենսոն – Թքել ենք բոլորս

    Իրեն բնորոշ ոճով՝ սրամտությամբ ու «սատանան գիտի՝ ո՛ր սև քարի տակից ծլած» հումորի շնորհիվ՝ Մարկ Մենսոնն օգնում է գտնել ճիշտ ուղին և դրդում ավելի անկեղծ լինել ինքներս մեզ հետ ու չկորցնել աշխարհի հետ կապը: Այս գիրքը նա գրել է 2 տարում, հետազոտություններ է արել ավելի քան 18 ամիս, 3 անգամ սկսել է նորից, 530 էջը դարձրել 250, փորձարկել գրքի 47 վերնագիր, տեքստը 6 անգամ վերախմբագրել 3 տարբեր խմբագիրների հետ: Մեր ժամանակների լավագույն գրողներից մեկը նոր գիրք է գրել, որը կդառնա ձեր առաջիկա տարիների ուղեցույցը: Այժմ պետք է ոչ միայն «Թքած ունենալ», այլև «Հույսը չկորցնել»:

  • Աստրիդ Լինդգրեն – Էմիլը Լյոնեբերգայից

    Ա՛յ հիմա, երբ դու արդեն պատրաստ ես ծանոթանալու Լյոնեբերգացի Էմիլին, երևի քեզ կհետաքրքրի այն փաստը, որ Սմոլանդ գավառի Վիմերբի փոքրիկ գավառական քաղաքում, որտեղ Էմիլը, բնականաբար, հայտնի էր դարձել իր «հերոսություններով», 1907-ի նոյեմբերի 14-ին ծնվել է Աստրիդ Աննա Էմիլիա Էրիկսոնը, ով նույն ինքը՝ շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենն է։
    Փոքրիկ տղայի մասին երեք վիպակներում էլ մանկագիրը մեծ սիրով ու գորովանքով է նկարագրում իրեն անչափ հարազատ շվեդական բնությունն ու մարդկանց, ավանդական տոներն ու զվարճությունները, կենցաղը, համեղագույն կերակուրները, առասպելներն ու սովորույթները: Դրանց կարող ես ծանոթանալ նաև դու՝ հետևելով Էմիլի անկարգություններին ու հնարամտություններին։

  • Ստեֆան Ցվայգ – Երեկվա աշխարհը Եվրոպացու հուշեր

    «Երեկվա աշխարհը։ Եվրոպացու հուշեր» ստեղծագործությունը ավստրիացի գրողի վերջին գիրքն է՝ ապրված կյանքի անդրադարձ, պատմական իրադարձություններով հարուստ ժամանակի խորքի վրա գծված ինքնակենսագրություն։ Այս գիրքը ներկայացնում է ժամանակաշրջանի վավերական պատկերը՝ պատմական անձերով և եղելություններով՝ դիտված մեծ գրողի քննական հայացքով, գիտական օբյեկտիվության հասնող մեկնությամբ։ «Երեկվա աշխարհը» յուրօրինակ հանրագիտարան է, որտեղ արտացոլված է Եվրոպայի կյանքը՝ իր բոլոր շերտերով։

  • Միշել Ֆուկո – Գիտելիքի հնագիտությունը

    Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը» աշխատությունը հումանիտար գիտությունների զարգացման ուսումնասիրման մեթոդաբանական մի ազդեցիկ ուղեցույց է: Գիտելիքի առաջանալը գրքում դիտարկվում է իբրև մրցակից կամ միմյանց հաջորդող ճառաբանությունների արդյունք, իսկ գիտությունների կազմավորման պատմությունը՝ իբրև հավաքական մտքի արխիվ։

  • Տիգրան Հայրապետյան – Պատերազմ և քաղաքականություն (Հատոր 1)

    Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծություններն ու ակնարկները, որոնք զետեղված են այս գրքում, ժողովածուի տեսքով հրապարակվում են առաջին անգամ։ Նրա գրավոր ժառանգությունը մահից տասնամյակներ անց էլ արդիական է։ Այն, ինչի մասին գրում ու խոսում էր քաղաքագետ վերլուծաբանը, այժմ մարգարեություն է թվում. Արցախյան առաջին պատերազմում ազատագրած տարածքների կորուստ, ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգ։ Նա հրապարակումներում կանխատեսել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու Վազգեն Սարգսյանի սպանությունը։ Քաղաքական գործիչները կարծում են, որ Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական եւ փիլիսոփայական հոդվածներն ու վերլուծությունները կարող են դառնալ հանրության հավաքական իդեալի հողը, նույնիսկ պետական գաղափարախոսության հիմքը։

  • Անդրիս Կալնոզոլս – Ես Օրացույցն եմ

    Վեպի առանցքում Լատվիայի մի փոքր քաղաքում ապրող յուրօրինակ «փոքրիկ մարդու» կերպարն է։ Նա գրեթե չի շփվում այլ մարդկանց հետ: Ամբողջ վեպը գրված է որպես հաղորդակցության բացակայությանը փոխարինող տեքստ։ Սկզբում հերոսը՝ Օսկարը, իր մտքերը նոթատետրում գրի է առնում՝տեղի հոգևոր հովվի հետ հաղորդակցվելու համար, ապա՝ որպես օրագիր։ Ամեն ինչ փոխվում է, երբ Օսկարի կյանքում հայտնվում է մի անծանոթ գեղեցկուհի։ Հերոս ըսկսում է անել քայլեր, որոնք նրան մինչև այդ թվում էին անհաղթահարելի։

  • Ջոջո Մոյես – Աստղեր նվիրողը

    Անգլիայի իր միապաղաղ կյանքից ախուսափելու համար երիտասարդ ու բարետես Բենեթ Վան Քլիվի հետ մեծ ակնկալիքներով ամուսնացած Էլիսին Քենթաքիի փոքրիկ Բեյլիվիլ քաղաքում հիասթափություն էր սպասվում. ամուսնական կյանքը հեռու էր նրա պատկերացումներից։ Վան Քլիվների տան ձանձրույթից ու ծանր մթնոլորտից Էլիսին փրկելու է գալիս աշխատանքը նոր հիմնված շրջիկ գրադարանում։ Այն Էլիսի համար արդարության, ընկերության և իրական սիրո հաղթանակի ճանապարհ է դառնում։

Հրատարակչություններ