• Մարկ Մենսոն – Գայթակղելու նուրբ արվեստը

    «Թքած ունենալու նուրբ արվեստը» եւ «Թքել ենք բոլորս» բեսթսելլերների հեղինակ Մարկ Մենսոնը ներկայացնում է սիրային հարաբերություններին նվիրված շատ գործնական ուղեցույց։ Մարկի խորհուրդներն այս թեմայով բազմաթիվ այլ գրքերից ու մեթոդներից առանձնանում են իրատեսական հիմավորումերով։

  • Նարինե Աբգարյան – Սիմոն

    Հայկական փոքրիկ գյուղաքաղաքում՝ Բերդում, մահանում է որմնադիր Սիմոնը: Նա երկար կյանք է ապրել, վայելել է շրջապատի հարգանքը և հայտնի եղել սիրային արկածներով: Սիմոնը շատ էր սիրում կանանց։ Յուրաքանչյուր նոր սիրավեպի տրվում էր անմնացորդ, հրապուրվում էր, աստվածացնում, խանդում, բայց կարողանում էր արժանապատվորեն հրաժեշտ տալ:

  • Հարութ Կբեյան – Լոտո

    Այս վեպը հեղինակը սկսել է գրել 2010 թվականին, ավարտին է հասցրել 10 տարի անց։ Գրքի գլխավոր հերոսները երկուսն են՝ գործազուրկ Պողոսը և նաիրյան երկրի նախագահը։ Ամեն ինչ սկսվում է այն պահին, երբ Պողոսը «Համապետական լոտոյի» տոմսակ է գնում։ Մրցանակը՝ հանդիպում նախագահի հետ։

  • Ռիմա Խաչատրյան – Մյունխեն. վերջին կայարան

    «Մյունխեն. վերջին կայարան» հուշապատումը վերջին հանգրվան հասնող մի կյանքի պատմություն է՝ հիմնված իրական դեպքերի ու ժամանակի նշանակալի իրադարձությունների վրա։ Այն արտացոլում է հայաստանցու կենցաղն ու մտորումներն անցած դարի երկրորդ կեսին և վերջին երկու տասնամյակում։ Ամբողջությամբ հագեցած է աշխատավոր մարդու հոգեբանությամբ ու իմաստնությամբ։ Գործող անձինք միմյանցից տարբերվում են բնավորությամբ, խառնվածքով, աշխարհայացքով, իրականության նկատմամբ վերաբերմունքով։ Գրքում տեղ են գտել նաև մտացածին մոտիվներ ու միջադեպեր, հավաքական կերպարներ, որոնք, սակայն, էապես չեն ազդում պատումի ընթացքի վրա և ենթակա են ընդհանուր իրապատում տրամաբանությանը։

  • Ռեյչլ Հոլիս – Աղջիկ ջան, ուշքի արի

    Դու է՞լ ես կարծում, թե բոլորի կյանքը ստացվել է, իսկ քոնը՝ ոչ: Եթե այո, ապա Ռեյչլ Հոլիսը քեզ ասելու բան ունի. սուտ է: Այս ոգեշնչող գրքում Ռեյչլը խոսում է 20 ստի և այն թյուրընկալումների մասին, որոնք հաճախ մեզ խանգարում են ուրախ և լեցուն կյանքով ապրել: Այդ ստերն այնքան ենք ներշնչել ինքներս մեզ, որ դադարել ենք դրանք նկատել:

  • Նարինե Աբգարյան – Երկնքից երեք խնձոր ընկավ

    Հայկական մի փոքրիկ լեռնային գյուղի բնակիչների գլխին ինչ ասես չի գալիս՝ երաշտ, սով, նույնիսկ երկրաշարժ։ 58-ամյա Անատոլիան՝ գյուղի 50 բնակիչներից ամենաերիտասարդը, մի օր արթնանում է արնահոսությամբ։ Երբ պարզում է, որ արգանդի արնահոսությունից չի մեռնում, ընդունում է գյուղի դարբնի ամուսնության առաջարկը։ Այրին, որ առանց զավակի ապրել էր առաջին դաժան ամուսնությունը, պետք է որոշի կյանքը շարունակե՞լ Վասիլի հետ, թե՞ ոչ։

  • Շառլ Ազնավուր – Վերջին դուռը

    Այս գրքում մեծ շանսոնիեն խոսում է ամենապոպուլյար հարցերի մասին։ Ինչու է ժամանակակից արվեստն այդքան կանխատեսելի, հեռուստատեսությունը՝ մակերեսային, շոու բիզնեսը՝ գռեհիկ։ Ինչպես վերաբերվել ձեզ առնչվող հրապարակումներին, որոնք հայտնվում են դեղին մամուլում և ֆեյք լուրերի հոսքում։ Եվ երբ ու որ տարիքում վերջ տալ վատ սովորություններին։ Արվեստ, ամերիկյան մշակույթի պատճենում և քաղաքականություն։ Ազնավուրը պատմում է, թե ինչպես է քվեարկել ընտրություններում, արձագանքել իր մահվան մասին կեղծ լուրերին, ծանոթացել իր կեղծ ազգականների հետ, առաջին անգամ նստել նախագահական օդանավ ու աշխատել դեսպանի պաշտոնում։ Եվ վերջապես հենց այս գրքում առաջին ու վերջին անգամ պատասխանում է հարցին. «Դուք Ձեզ ավելի շատ ֆրանսիացի՞ եք զգում, թե՞ հայ»։

  • Յան-Վերներ Մյուլլեր – Ինչ է պոպուլիզմը

    Դոնալդ Թրամփ (ԱՄՆ), Մարիե Լը Պեն (Ֆրանսիա), Ալեքսիս Ցիպրաս (Հունաստան), Վիկտոր Օրբան (Հունգարիա), Բեպպե Գրիլլո (Իտալիա), Ռեջեփ Թայիբ Էրդողան (Թուրքիա). պոպուլիստ քաղաքական գործիչներն այսօր եկել են կամ գալիս են իշխանության։ Իսկ ի՞նչ է իրականում պոպուլիզմը, և ովքե՞ր են պոպուլիստները։ Պոպուլիզմը մարդկանց մոտեցնո՞ւմ է իշխանությանը, թե՞ իրականում վտանգում է ժողովրդավարությունը։

  • Նյումեգ – 100 Մոնոլոգ

    Newmag-ի 100 մոնոլոգները մի քանի սերնդի հետաքրքիր ներկայացուցիչների փսիխոգենեզի ցուցիչներ են, որոնք ուղեկցվում են սև-սպիտակ լուսանկարներով: Այդ ֆոտոները զերծ են գունային խաբկանքից և մեր հերոսներին պատկերում են իրենց բնական հոգեվիճակում: Լուսանկարներն արվել են ըստ գործող անձանց խոստովանության տարեթվերի և այս գրքում չեն փոխարինվել նորերով:
    Նպատակը մեկն է. մեր ժամանակների հերոսներին պատկերել՝ պահպանելով իրենց ապրած օրերի դիմագիծը, ոչ հեռավոր անցյալին բնորոշ խոհերն ու հասարակական այն դերը, որը նրանք ստանձնել էին Newmag-ի համարներում հայտնվելու շրջանում: Ահա ինչու յուրաքանչյու մոնոլոգի կողքին արձանագրված են Newmag-ի համարը, ամիսը, ամսաթիվը: Բարի գալուստ անցյալ, բարի գալուստ 100 պարզ անհատականության բարդ ներաշխարհ:

  • Տիգրան Պետրոսյան – Գահերի խաղը

    Այս գրքի վրա Տիգրան Պետրոսյանը սկսել է աշխատել 1980-ականների սկզբին, բայց այդպես էլ չի ավարտել այն։ Նրա մահից հետո ամփոփ տեսքի է բերել շախմատիստի այրին՝ Ռոնա Պետրոսյանը։
    Գիրքը կազմելիս օգտագործվել են Պետրոսյանի դասախոսությունները, որոնք նվիրված են շախմատային ռազմավարական նրբություններին, ռեպորտաժներ, հեռուստատեսային և ռադիոձայնագրություններ, շաբաթաթերթերում հրատարակված հոդվածներ: Նրա կնոջ՝ Ռոնա Պետրոսյանի ջանքով հաջողվել է գտնել Պետրոսյանի դասախոսությունների ձայնագրությունները, որոնք համարվում են անվանի շախմատիստի ուսուցողական լավագույն նյութերը:

  • Նիլ Ֆերգյուսոն – Մեծ անկում

    Ինչո՞ւ են հարուստ երկրներն անկում ապրում։ Դրա նախանշաններն այսօր ամենուր են. տնտեսական աճի դանդաղում, կործանարար պարտքեր, աճող անհավասարություն, ծերացող բնակչություն, հակասոցիալական վարք։ Բայց հատկապես ի՞նչն է սխալ։ «Մեծ անկում» գրքում Նիլ Ֆերգյուսոնը բացատրում է, որ արևմտյան ինստիտուտները՝ բարդ համակարգերը, որոնցում հասարակությունը կարող է ծաղկել կամ կործանվել, այսօր քայքայվում են։

  • Մարկ Մենսոն – Թքել ենք բոլորս

    Իրեն բնորոշ ոճով՝ սրամտությամբ ու «սատանան գիտի՝ ո՛ր սև քարի տակից ծլած» հումորի շնորհիվ՝ Մարկ Մենսոնն օգնում է գտնել ճիշտ ուղին և դրդում ավելի անկեղծ լինել ինքներս մեզ հետ ու չկորցնել աշխարհի հետ կապը: Այս գիրքը նա գրել է 2 տարում, հետազոտություններ է արել ավելի քան 18 ամիս, 3 անգամ սկսել է նորից, 530 էջը դարձրել 250, փորձարկել գրքի 47 վերնագիր, տեքստը 6 անգամ վերախմբագրել 3 տարբեր խմբագիրների հետ: Մեր ժամանակների լավագույն գրողներից մեկը նոր գիրք է գրել, որը կդառնա ձեր առաջիկա տարիների ուղեցույցը: Այժմ պետք է ոչ միայն «Թքած ունենալ», այլև «Հույսը չկորցնել»:

Հրատարակչություններ